Լուրեր

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

11.11.2019

Կից լուսանկարներ

Встреча министров иностранных дел РА и РФ

Встреча министров иностранных дел РА и РФ

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով իր գործընկերոջն իր իսկ պաշտոնավարման ընթացքում Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցելության կապակցությամբ՝ ԱԳ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց.  «Այս մեկուկես տարվա ընթացքում մենք բավականին ինտենսիվ երկխոսություն և հանդիպումներ ենք ունեցել: Ես մեծ ջերմությամբ եմ հիշում անցած տարի Մոսկվա կատարած իմ այցը և տարբեր հարթակներում մեր հաճախակի հանդիպումները: Շատ բարձր եմ գնահատում մեր արտգործնախարարությունների միջև փոխգործակցության դինամիկան: Բոլոր ուղղություններով մենք ունենք բավականին ակտիվ երկխոսություն: Ամենաբարձր մակարդակով մեր երկխոսությունը եղել և մնում է շատ ակտիվ։

Երեկ մենք հիանալի հնարավորություն ունեցանք  բացելու «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը, որը սկիզբ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և Հայրենական պատերազմի հաղթանակի տոնակատարություններին: Ես համոզված եմ, որ նախքան մայիսի 9-ը  բազմաթիվ հնարավորություններ կլինեն՝ ընդգծելու այդ ամենի կարևորությունը, դերն ու նշանակությունը մեր ժողովուրդների հարաբերություններում»:

ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին գոհունակություն հայտնեց իր այցի կապակցությամբ: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Սերգեյ Լավրովը արձանագրեց դաշնակցային հարաբերությունների շրջանակներում բարձրաստիճան շփումների շարունակականությունը։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ՀԱՊԿ, ԵԱՏՄ կառույցների շրջանակներում երկկողմ հարաբերությունների ակտիվացման, միջխորհրդարանական ակտիվ կապերի առկայության, հումանիտար ոլորտում, երիտասարդական հարցերում համատեղ ծրագրերի ու միջոցառումների անցկացման կապակցությամբ:

ԱԳ նախարարները կարևորեցին միջազգային կառույցներում երկու պետությունների կողմից միմյանց ցուցաբերվող աջակցությունը և ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը բազմակողմ հարթակներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արծարծեցին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապության թեմաների լայն շրջանակ: Կողմերն անդրադարձան նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ շեշտելով խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրն առավոտյան Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունն այցելեց   Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՌԴ ԱԳ նախարարը նաև դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի շրջանավարտների համար:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր