Լուրեր

Դեսպան Վարդան Տողանյանն այցելել է Տուլայի մարզ

02.12.2019

Ս/թ դեկտեմբերի 2-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն աշխատանքային այց է կատարել ՌԴ Տուլայի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել մարզի ղեկավարության, համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ և այցելել տեղի հատուկ տնտեսական գոտու տարածք։

Տուլա քաղաքում դեսպան Վարդան Տողանյանը հանդիպում է ունեցել Տուլայի մարզի նահանգապետ Ալեքսեյ Դյումինի հետ։

Հանդիպմանը ողջունելով ՀՀ դեսպանին՝ մարզի նահանգապետն ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել այդ ուղղությամբ աշխատանքների իրականացման հարցում։

Իր հերթին ՌԴ-ում ՀՀ դեսպանը շեշտել է առևտրատնտեսական կապերի, զբոսաշրջության զարգացման և  գործարար շրջանակների միջև շփումների հետագա ընդլայնման հնարավորությունները՝ ելնելով ԵԱՏՄ շրջանակներում առկա հնավարություններից։ Նա նաև հրավիրել է նահանգապետ Դյումինին այցելել Հայաստան։

Դեսպան ՎՏողանյան առանձին շնորհակալություն է հայտնել նաև Տուլայի ղեկավարությանը 2015թ-ին մարզի տարածքում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի ուղևորներին համապատասխան օժանդակություն ցուցաբերելու համար։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հումանիտար-կրթական կապերի զարգացման ուղղված հարցերի վերաբերյալ։  Առանձին անդրադարձ է կատարվել տեղի հայ համայնքի գործունեությանը։

Նույն օրը կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տուլայի մարզի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպմանը բարձրաձայնել են տարաբնույթ հարցեր, այդ թվում նաև՝ հայպահպանության, Հայաստանի հետ կապերի ամրապնդման և մարզում հյուպատոսական ծառայությունների հասանելիության ապահովման վերաբերյալ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է նաև մարզի հատուկ տնտեսական գոտում ստեղված մեքենաշինական «HAVAL» գործարան և «Узловая» արդյունաբերական պարկ։

Տեղում կայացել է ՎՏողանյանի հանդիպումը գործարանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են համագործակցության հնարավոր հարցեր, այդ թվում նաև՝ Հայաստանի տարածքով նոր շուկաներ դուրս գալու հնարավորությունները՝ հիմք ընդունելով եվրասիական ընդհանուր տարածքում ստեղծված պայմանները։

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր